Բառարանային աշխատանք / Պարույր Սևակ

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, 
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. 
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, 
Վատըդ թողած՝ լավըդ թվել, 
Հավատացրել, հավատացել, 
Թե իմ առաջ դուռ ես բացել՝ 
Չտեսնըված, չեղած մի դուռ։ 
Սակայն ի՞նչ եմ ես ստացել 
Այդ ամենին ի տրիտուր։ 

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։ 

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, 
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ 
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ 
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ 
Սուտ խոստումով կապել ես ինձ, 
Մանկան նման խաբել ես ինձ, 
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ 
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, 
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ 

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։ 

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, 
Որ դու … որ դու նման լինես իմ երազին։ 
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ. 
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։ 
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ… 
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ, 
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ, 
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է… 

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։ 

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում, 
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, 
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում. 
Ցած է ընկնում երեք խնձոր — 
Մեկ՝ ասողին, 
Մեկ՝ լսողին, 
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր 
Հիմարաբար սպասողին… 

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…

Տրիտուր — փոխարեն, հատուցում, վարձատրության, փոխհատուցում
Մղել — քշել, հրել, վանել
Տքնել — աշխատել, ջանալ, չարչարվել
Մուրազ — ցանկություն, որևէ ցանկալի բան կամ երազանք

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես
Սիրահարվել է ինձ տխրությունը,
Որին չեմ սիրում,
Եվ այդ պատճառով
Նա իր հագուստն ու անունն է փոխում –
Մերթ՝ կոչվում թախիծ,
Մերթ՝ կարոտ,
Մերթ՝ վիշտ,
Ցավ կամ տրտմություն:
Հետապնդում է

Ու չի հասկանում,
Որ մենք չենք սիրում հետապնդողին,
Որ մենք սիրում ենք ու գերվում նրան,
Ում դուր չենք գալիս:
Ես էլ իմ հերթին
Իմ ամբողջ կյանքում
Հետապնդում եմ ուրիշին՝

Նրա՛ն,
Որ նույնպես, դիտմամբ,
Անունն է փոխում –
Այն հույսով գուցե,
Թե մոլորվելով՝
Հետքն իր կըկորցնեմ –
Մեկ խնդություն է անվանում իրեն,
Մեկ՝ ուրախություն,
Կայտառություն է
Կամ պայծառություն:
Հետապնդում եմ
Ու չե՜մ դադարի,
Մինչև նա, անո՛ւժ,
Մինչև նա, տրվա՛ծ,
Ինձ չասի.
«Քոնն եմ»:

Վկան՝
Ա՛յն կանայք,
Որոնց ոչ անունն ու ոչ էլ հասցեն
Նշել չեմ կարող…

Մերթ — երբեմն
Տրտմություն — Տխրություն
Անուժ — անզոր

Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում,
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:
Եթե աստված եք՝
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան,
Որ… եղիցի լո՜ւյս:
Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ, այլ գողացված է:
Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ,
Որ… զոհ չգնա ինքը հավատը՝
Մաքո՜ւր-վսե՜մը,
Անկեղ՜ծ-անսո՜ւտը:
Ու թե աստված եք՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ այն աղոթքների,
Որով խաբում են ո՛չ իրենց,
Այլ ձե՛զ:

Եվ – բավակա՜ն է – հասկացե՛ք ընդմիշտ,
Որ աստծուն նո՛ւյնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ-արյունո՛տ,
Այրվո՜ղ-ապտակվա՛ծ,
Ցավա՜ծ-ճչացո՛ղ,
Մանո՛ւկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
Ու եթե հայր եք՝
Մի՛ թողեք,

Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի…

Բյուրավոր — անթիվ, անհամար, անքանակ
բյուրատեսք — բազում պատկերներ և դեմքեր ունեցող
այլազան — տարբեր, այլատեսակ
եղիցի — թող լինի, լինի
սողոսկուն — սահուն
վասնզի — որովհետև, որպեսզի

Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն…

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .
Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի
Նմանությունը հեռու – մոտավոր
ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

Երբ անձրևներից հողն է ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,
որ մենակ ես դու իբրև մի … Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի,ո՛չ էլ կլուծես ,-
Մի՛շտ ,ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան ,հոգու ու կրէի .
Քանզի նշանը հանման – գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում …

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն …

վետվետումներից — կասկածներից
ռունգ — քիթ, քթանցք
իգրեկ — մաթեմատիկայում նշանակվող անհայտ մեծություն (y):
իքս — մաթեմատիկայում նշանակվող անհայտ մեծություն (x):
անդուռ — անհաղթահարելի
կախյալություն — սովորեցում, ընտելացում
թեպետև — չնայած որ, թեև

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած.
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված`
Սերում են նրանք և այն վայրենուց,
Որ էլ չէր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և այն ծերուկից,
Որ նախընտրում է քնել տակառում:
Սերում են նրանք և այն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլոր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անեն մտածածն իրենց,
Ինչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ:

Անվտանգ` ինչպես հրդեհն արևի,
Անվնաս` ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:

Արքաների հետ խոսում են «դու»- ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում` մե՞կ է. չեն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի հետ:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ`
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չեն վախենում նրանք չար մահից,
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…

սերում — ծնվում
փույթ — ջանք
լորտուն — օձի տեսակ


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*