Թունավորում / Առաջին օգնություն

Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում թունավորման տարբեր դեպքեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ եւ պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Կլման ճանապարհով անցնող թույները մարդու օրգանիզմ են թափանցում մարսողական համակարգի միջոցով։ Դրանցից են օրինակ ալկոհոլը, դեղամիջոցները։ Այս խմբի թույները կարող են պարունակվել նաեւ սննդամթերքում, որոշ բույսերի, պտուղների մեջ։ 
Սննդային թունավորումներից ամենատարածվածը մանրէային թունավորումներն են։ Թունավորման պատճառ են դառնում սննդում գտնվող ախտածին մանրէների արտադրած թունավոր նյութերը։ Մանրէային թունավորումներ ավելի հաճախ են հանդիպում ապխտած մսի, երշիկի, ձկնեղենի, կաթնամթերքի, ձվի, տնային պայմաններում պատրաստված պահածոների ընդունման արդյունքում։ Սննդային մանրէային թունավորման դեպքում տուժածի մոտ լինում է սրտխառնոց, փսխում, լուծ։ Տուժածը բողոքում է որովայնի ցավերից, գլխացավից, գլխապտույտից։ Նրա մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ։ Բնականաբար նա ունենում է հիվանդագին տեսք, թույլ է լինում։
Ի՞նչ անել / Կլվող թույներով թունավորման դեպքում ամենաարդյունավետ օգնությունը արհեստական փսխում առաջացնելն է։ Դրա շնորհիվ տուժածի մարսողական համակարգից դեռևս չներծծված թույները դուրս են բերվում։ Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որեւէ թաս, որի մեջ նա կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3լ գոլ ջուր։ Ցանկալի է ջրի յուրաքանչյուր լիտրի մեջ ավելացնել 1 գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում` մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով լեզվարմատը։ Փսխելիս տուժածի գլուխը պետք է մի քիչ առաջ թեքված լինի։ Ցանկալի է փսխման ընթացքում պահել տուժածի գլուխը` ձեռքով բռնելով նրա ճակատը։ Երբեք մեջքի վրա պառկած վիճակում տուժածի մոտ փսխում մի’ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։
Սննդային թունավորումների դեպքում տուժածը կարող է ունենալ լուծ եւ փսխում, որոնց հետեւանքով հաճախ նկատվում են ջրազրկման երեւույթներ։ Դա հատկապես վտանգավոր է երեխաների ու տարեց մարդկանց համար։
Տուժածի ջրազրկման մասին է վկայում ծարավի զգացումը, բերանի չորությունը։ Ջրազրկված տուժածի անոթազարկը հաճախանում է, թուլանում է մաշկի առաձգականությունը, ձայնը նվաղում է, հնարավոր են ցնցումներ։
Այս նշաններից անգամ մեկ-երկուսի ի հայտ գալու դեպքում պետք է շտապ լրացնել հեղուկի եւ աղերի կորուստը։ Դրա համար տուժածին տվեք ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ, օրինակ ռեհիդրոն, օրալիտ` պահպանելով դրանց պատրաստման եւ օգտագործման կանոնները։

Արհեստական փսխում չի կարելի առաջացնել, եթե թույնը քայքայիչ նյութ է կամ նավթային հիմք ունի։ Այս դեպքերում թույնի խտությունը նվազեցնելու համար տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք։ Կարող եք տալ նաեւ մածուն։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նաեւ այն դեպքերում, երբ տուժածը սրտային հիվանդ է, հղի կին է կամ անգիտակից վիճակում է։ Թունավորման դեպքում ահազանգեք շտապ օգնություն։ Ցանկալի է, որ փսխուքը եւ թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ պահածոն, փակած ամանով ուղարկեք հիվանդանոց։

Ցրտահարություն

Ցրտահարությունը ցածր ջերմաստիճանի ազդեցությունն է մաշկի և այլ հյուսվածքների վրա։ Առաջին ախտանիշը թմրածությունն է։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ։ Ձեռքերը, ոտքերը և դեմքը ամենահաճախն են ախտահարվում։ Այրվածքները բաժանվում են 4 բարդության աստիճանների՝

Առաջին աստիճան

  • Առաջին աստիճանի ցրտահարությունը մակերեսային է, մաշկի վնասումը չի լինում մնայուն։
  • Ամենավաղ ախտանիշն է մաշկի զգացողության խանգարումը։ Ախտահարված հատվածներում մաշկը լինում է թմրած, ուռած՝ կարմրած եզրերով։
  • Մի քանի շաբաթից մաշկի մակերեսը կարող է պոկվել։

Երկրորդ աստիճան

  • Երկրորդ աստիճանի ցրտահարության դեպքում մաշկի վրա առաջանում են մաքուր բշտիկներ, իսկ մաշկի մակերեսը պնդանում է։
  • Վնասումից շաբաթներ հետո մաշկը չորանում և սևանում է։
  • Այս փուլում կարող է լինել գերզգայունություն ցրտի նկատմամբ և թմրածություն։

Երրորդ աստիճան

  • Երրորդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի տակ եղած հյուսվածքները սառում են։
  • Ախտանիշներից են արյան մակարդուկները և մաշկի գորշակապտավուն գունավորումը։
  • Վնասումից շաբաթներ հետո ցավը մնում է և առաջանում է սև գույնի կեղև։
  • Կարող են դիտվել երկար մնացող խոցեր և ոսկորների էպիֆիզային աճման գոտու վնասում։

Չորրորդ աստիճան

Ցրտահարությունը 12 օր անց

  • Չորրորդ աստիճանի ցրտահարության դեպքում ներառվում են մաշկից ներքև գտնվող հյուսվածքները՝ մկանները, ջլերը և ոսկորները։
  • Վաղ ախտանիշներից են մաշկի գունատությունը, պնդացումը, անցավ տաքացումը։
  • Ավելի ուշ մաշկը դառնում է սև և մումիֆիկացված։ Վնասվածքը կարող է մնալ ամիսներով և բերի անդամահատման 2 ամսից։

Ամենակարևորը՝ ազատում ենք տուժածին թաց շորերից և հիմնականում մարմնին շատ դիպչող տաք հագուստից։ Առաջին օգնության հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։ Ոտքերի և ձեռքերի 1 և 2 աստիճանների ցրտահարության դեպքում վերջիններս տաքացնել սենյակային աստիճանի ջրում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը տաքացնել տաք ջուր ավելացնելով։ Կատարել սպիրտով շփումներ, դնել մանրէազերծ չոր վիրակապ, տալ տաք թեյ, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք։ 2 և 3 աստիճանների ցրտահարության դեպքում հակափայտացման շիճուկի ներարկում, անտիբիոտիկներ և այլն։ 3 և 4 աստիճանների տարածուն ախտահարման ժամանակ մարմնի ցրտահարված հատվածը ծածկում են մանրէազերծ անձեռոցիկով, կապում և տեղափոխում վիրաբուժական բաժանմունք։

Այրվածքներ / Տեսակները / Առաջին օգնություն այրվածքների ժամանակ

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի ու աստիճանի այրվածքներ: Դրանք շատ ցավոտ են, հաճախ հաշմող ու այլանդակող և կարող են վարակի, շոկի պատճառ դառնալ: Այրվածքի դեպքում, իմանալով առաջին օգնության ճիշտ քայլերը, դուք զգալիորեն կթեթեւացնեք տուժածի վիճակը եւ կկանխեք բարդությունները: Ըստ առաջացման պատճառի այրվածքները լինում են ջերմային, քիմիական, էլեկտրական եւ ճառագայթային:


Ջերմային այրվածքների
— առաջացման պատճառը բարձր ջերմաստիճանն է, օրինակ՝ տաք հեղուկները կամ առարկաները, գոլորշիները կամ բոցը:
Քիմիական — այրվածքները սովորաբար առաջանում են թթուներից կամ հիմքերից: Այս նյութերն արագ քայքայում են հյուսվածքները եւ առաջացնում այրվածքներ:
Էլեկտրական — այրվածքներն առաջանում են, երբ էլեկտրական հոսանքն անցնում է մարդու մարմնով: Նման այրվածքները հիմնականում խորն են եւ տուժածի մարմնի վրա տեղակայված են լինում հոսանքի մուտքի եւ ելքի տեղերում: Այս կարգի վնասվածքները շատ վտանգավոր են, քանի որ կարող են դառնալ ներքին օրգանների վնասվելու եւ նույնիսկ սրտի կանգի պատճառ:
Ճառագայթային այրվածքներն ավելի հաճախ առաջանում են արեւի ճառագայթներից եւ նման են ջերմային այրվածքներին: Սովորաբար դրանք մակերեսային են, տարածուն եւ ցավոտ:
Այրվածքները կարող են լինել տարբեր խորության:
Մակերեսային այրվածքը մաշկի վերին շերտը ընդգրկող այրվածքն է: Վնասված մասի մաշկը կարմրած է, չոր, այտուցված:

Ծանր այրվածքները վտանգավոր են վարակի անցման, ջրազրկման ու շոկի զարգացման տեսակետից եւ պահանջում են անհապաղ մասնագիտական բուժօգնություն:

Читать далее Այրվածքներ / Տեսակները / Առաջին օգնություն այրվածքների ժամանակ

Առաջին օգնություն / Արյունահոսություն

Այսօր մենք սովորեցինք առաջին օգնություն արյունահոսության ժամանակ։ Ընկեր Քրիստինեն իմ ձեռքի վրա ցույց էր տալիս առաջի օգնությունը տարբեր արյունահոսության տեսակների ժամանակ։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Արյունահոսություն կարող է լինել արտաքին, երբ արյունը մաշկի վերքից կամ քթի, բերանի խոռոչից անմիջապես հոսում է շրջապատող միջավայր, իսկ ներքին բացահայտ արյունահոսության ժամանակ արյունը լցվում է օրգաններ։ Մազանոթային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է հավասարաչափ, քանի որ մազանոթներով արյունը դանդաղ է հոսում, ոչ բարձր ճնշմամբ։ Այն հեշտ է կանգնեցնել, պարզապես մատով պահել վերքը կամ մշակել յոդով։ Երակային արյունահոսության դեպքում արյունը հոսում է հավասարաչափ, անընդհատ, գույնը մուգ է, որը պայմանավորված է ածխաթթու գազի մեծ պարունակությամբ։ Զարկերակային արտաքին արյունահոսության ժամանակ արյունն ալ կարմիր է, ցայտում է ուժեղ, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման։

Մենք դիտարկեցինք այս բոլոր դեպքերը և մեր աչքերով տեսանք և փորձեցինք առաջին օգնություն ցուցաբերել։

Անգիտակից տուժած

This image has an empty alt attribute; its file name is 1126bab8e6fb5301702d82f21138fb04.jpg

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:


Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Читать далее Անգիտակից տուժած

Դեպքի վայրի զննույմ / Անվտանգության ապահովում

Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Պատահարներ վտանգավոր նյութերից

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:
Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:


Հրդեհ

Հիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:
Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:


Ջրում տեղի ունեցող պատահարներ

Մի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:


Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:
Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել: